Հայաստանի ներկա վիճակը (ապատիա, անպատասխանատվություն, պառակտվածություն, պետական շահի գիտակցության բացակայություն) ունի խոր տնտեսական պատճառներ:
Եթե կարող եք ձեր անձի հետ ազնիվ լինել, ազատվել մտային կապանքներից և առերեսվել ճշմարտության հետ, ապա մտածեք սրա մասին, այլապես շարունակեք մեղավորներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան:
Անկախությունից հետո Հայաստանում սկիզբ է առնում պետական, այսինքն, հանրային ունեցվածքի վերաբաշխման գործընթաց: Քանի որ չկար օրենքի գերակայություն, այսինքն, պետական ինստիտուտներ չկային (հիմա էլ առանձնապես դրանք չկան), ապա այդ վերաբաշխման հիմնական գործիքը դառնում է կոռուպցիան: Իսկ սրան զուգահեռ կիրառվում է մեկ այլ «գործիք» ևս՝ մենք մասնակցել ենք պատերազմին, այսինքն, ձեր անվտանգության ապահովմանը, հետևաբար, պիտի ունենանք առավելություն և հանրության հարստության լավ ու մեծ կտորը պիտի մենք տանենք:
Այս երկու հիմնական միջոցներով երեսուն տարի Հայաստանում պետության ունեցվածքի վերաբաշխում է տեղի ունենում: Ձևավորվում են առաջին խոշոր կապիտալիստները, որոնց անվանում են օլիգարխներ, քանի որ այդ կապիտալին ձեռ են գցում պետական համակարգում իրենց կապերը օգտագործելով և ապօրինություններով (կոռուպցիա): Չկա պոստսովետական տարածքում ձևավորված գեթ մեկ կապիտալիստ, որ օրենքի դաշտում գործելով է կուտակել իր կապիտալը:
Հանրության հարստության վերաբաշխման այս գործընթացը տեղի էր ունենում, շատ ժամանակ, վայրենի ու անմարդկային մեթոդներով: Այս ընթացքում հանրության գերակշիռ մասը անձամբ է առնչվում անարդարությունների հետ և դառնում օլիգարխիկ համակարգի զոհը: Երեսուն տարվա ընթացքում հանրության մի մեծ զանգված, վստահաբար, բնակչության մեծ մասը իրեն նսեմացած և ստորացած է զգում:
Եվ վերջապես 2018-ին գալիս է նրա «վրեժի» պահը: Այս մարդիկ փողոց են դուրս գալիս ոչ թե Նիկոլ սատարելու, այլ դուրս են գալիս մերժելու եղած համակարգը, իսկ Նիկոլի մեջ տեսնում են իրենց պես մեկին, քանի որ սա առնվազն տասը տարի տարբեր բարձ ամբիոններից խոսում էր հենց նշածս անարդարությունների մասին:
Այս մարդիկ միամտորեն կարծում են, թե Նիկոլը իրենցն է, և սա եկել է ազատելու իրենց օլիգարխիայի ճիրաններից և արդարություն վերականգնելու: Նիկոլի «թալանը հետ բերելու» առանցքային թեզը, որի վրա ցայսօր կառուցում է իր իշխանությունը, ընդհուպ՝ տարածքների կորստի գնով, շատ խոր արմատներ ունի, և այս թեզը շատ հզոր է, քանի որ արձագանքում է ճնշվածների սրտերում:
Սա էր պատճառը, որ 2020-ի նոյեմբերից հետո շարունակաբար, ցայսօր, պնդել եմ, որ իշխանության չպետք է հավակնեն առկա կորզող համակարգի նախկին ներկայացուցիչները, որոնց ձեռամբ կամ որոնց հսկողության ներքո տեղի էր ունենում (հիմա էլ) հանրության հարստության վերաբաշխումը ամենահնարավոր անարդար եղանակներով, երբ հարուստն ավելի է հարստանում, աղքատն ավելի է աղքատանում, իսկ միջին խավը գնալով փոքրանում է: Սա էր պատճառը, որ Քոչարյանի կողմից ընտրություններին մասնակցությունը Նիկոլին հեշտ հաղթանակ բերեց:
Քոչարյանին չեն սիրում ոչ թե, որ իր կառավարման ներքո փողոցում ցուցարարներ են գնդակահարել, այլ նրա համար, որ ինքը հարստացել է ռեսուրսների անարդար բաշխման հետևանքով և, ի լրումն, նպաստել է Հայաստանի գաղութացմանը, օտար օլիգարխներին պետության հարստություն՝ հանք և ենթակառուցվածք տալով և հանրությանը շարունակական անարդարութայն գերի դարձնելով:
Հանրությունը ոչ մի կերպ չի կարողանում կողք դնել իր հանդեպ գործած անարդարությունները և համախբվել իրեն հարստահարողների շուրջ, թեկուզ և հանուն պետութան փրկության: Իսկ երկրի ներսում այլ անհատներ ու խմբեր չկան, որ տիրապետում են ռեսուրսի և կարող են իշխանափոխություն կազմակերպել:
Իսկ հանրությանը հարստահարողները ոչ մի կերպ չեն կարողանում առերեսվել ճշմարտության հետ և իրենց ռեսուրսը ծառայեցնել մաքուր գործընթացների՝ զերծ իրենց դեմքերից և շահերից:
Սրա հետևանքով է, որ այս վիճակն ունենք՝ համատարած անտարբերություն: Նիկոլը սա լավ գիտի և ինքն էլ իր հերթին նպաստում է պառակտվածության խորացմանը՝ շարունակելով ձևանալ, թե իբր անարդարության զոհերի ներկայացուցիչն է, թե իբր ինքն էլ խեղճ է, ինչպես հանրության մեծ մասը և, թե իբր այս խեղճությունն է, որ իրեն դարձրել է Ալիևի զոհը. «Ինքը ինչ անի, ինքը ուզում է լավ լինի, ինքը չի ուզում տարածքներ հանձնի»: Իրականում, Նիկոլն իր հերթին օլիգարխիայի մեկ այլ շերտի ներկայացուցիչ է, որոնց համար հարստություն դիզելու ճանապարհին չկան սահմանափակումներ, ընդհուպ մինչև թշնամու հետ «մտերմություն» և ժողովրդին՝ ազգին պատկանող տարածքների զիջում:
Ազգն աղետալի վիճակում է ոչ թե թշնամու, այլ սեփական ստահակների պատճառով:
Հովհաննես Ավետիսյան